Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականը կարող է կապ ունենալ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խնդրանքը չկատարելու հետ, գրել է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Քոչարյանը զանգահարել է Մինասյանին և պահանջել քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին ազատել պաշտոնից, քանի որ նա «նախկին» է:
«Ի պատասխան՝ Մինասյանը պնդել է, որ նա (քրեակատարողական ծառայության պետը) լավ կադր է ու կշարունակի աշխատել, և եթե կա դժգոհություն գործունեության մասով, կարող է ասել: Մինասյանի այս պատասխանից հետո Քոչարյանն ասել է՝ «եթե չհանես Ամբակումին, հալդ կտենաս»»,- գրել է թերթը:
Արդարադատության նախարար Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Մինասյանի պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել Փաշինյանին։ Նա չէր մանրամասնել, թե որն էր նման նախաձեռնության պատճառը։
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մինասյանը հայտնել էր, որ վերջին օրերին բազմաթիվ անգամ խնդրել էր Գևորգյանին հրաժարական չտալ, բայց նա մերժել էր իր բոլոր խնդրանքները: Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահն ստորագրել էր Մինասյանի հրաժարականի դիմումը։
Մինասյանն Արդարադատության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։