Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության ապահովման վերաբերյալ հարցեր, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ մշակվող ծրագրի նախնական շրջանակը, որով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ իրականացնել նաև բնակարանաշինության ոլորտի բարեփոխումներ:
Խաչատրյանը և Փրայսը պայմանավորվել են շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը՝ ծրագրի շրջանակը առաջիկայում վերջնականացնելու նպատակով:
Հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը։ Մայիսի 7-ին Փաշինյանը խոսել էր արցախցիներին աջակցելու կառավարության նոր ծրագրի մասին։
Սեպտեմբերի 25-ին խորհրդարանում ստեղծվել էր Արցախի ներքին տեղահանվածների կենսապայմանները ստուգող քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի ձևավորման որոշումը կայացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով։ Հոկտեմբերի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել Հայաստանում Արցախից տեղահանվածների բնակության պայմաններն ստուգող քննիչ հանձնաժողովի անդամների թվի մասին որոշման նախագծին։