Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ավիահարվածներն սպանել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման նախկինում սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի երկու իրավահաջորդներին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Հաշեմ Սաֆիեդդին, ով պետք է փոխարիներ սեպտեմբերի վերջին սպանված շարժման առաջնորդին, հավանաբար «վերացվել է»։
Իսրայելական բանակը նաև հայտարարել է, որ չորրորդ դիվիզիա է ուղարկում հարավային Լիբանան և ընդլայնում է «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողությունները Լիբանանի հարավ-արևելքից մինչև երկրի հարավ-արևմուտք:
Հոկտեմբերի 8-ին Իսրայելը հարվածել էր Դամասկոսի Մազզե շրջանում գտնվող բնակելի շենքին։ Հարվածի հետևանքով զոհվել էր յոթ խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 11-ը:
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: