Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող 2 նավ հասել է Բեյրութի նավահանգիստ, հայտնել է Ermenihaber-ը։
Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բարըշ Ուլուսոյը մանրամասներ է ներկայացրել թուրքական կառավարության՝ Լիբանանից իր քաղաքացիների տարհանման գործողության վերաբերյալ:
«Այս նավերը պատրաստ են լինելու մոտավորապես 2000 մարդ տարողունակությամբ մեզ դիմած քաղաքացիներին Լիբանանից տեղափոխել Մերսին»,- ասել է նա՝ հայտարարելով, որ այսպիսի չափերով տարհանման գործընթաց աշխարհում առաջին անգամ է տեղի ունենում:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության կոորդինացմամբ նավերը Լիբանան են հասցրել 300 տոննա հումանիտար բեռ:
Թուրքիայի ԱԳՆ-ն հոկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ մեկնարկելու է Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիների տարհանման գործընթացը:
Հոկտեմբերի 8-ին Իսրայելը հարվածել էր Դամասկոսի Մազզե շրջանում գտնվող բնակելի շենքին։ Հարվածի հետևանքով զոհվել էր 7 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 11-ը:
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: