Թուրքիան և Իսրայելն արդիականացնում են խորհրդային արտադրության ռազմական տեխնիկան՝ Ադրբեջանի զինված ուժերին ծառայելու համար, գրում է Forbes-ը։
Ըստ հրապարակման՝ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է պահպանել և թարմացնել հին զինտեխնիկան՝ միաժամանակ Իսրայելից և Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր, Պակիստանից՝ JF-17 բազմանպատակային կործանիչներ գնելով։ Նշվում է, որ սեպտեմբերին Բաքվում անցկացված ADEX 2024 ռազմական ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանը ներկայացրել էր արդիականացված Սու-25 գրոհային ինքնաթիռ, Т-72 տանկեր, ZSU-23-4 Շիլկա զենիթային միավոր և 9K33 Osa կարճ հեռահարության հրթիռային համակարգ։
Մասնավորապես, Սու-25 գրոհային ինքնաթիռներն արդիականացվել են թուրքական TUSAS ընկերության կողմից։ Արդիականացման արդյունքում օդանավը կարող է օգտագործել մի քանի տեսակի թուրքական կառավարվող և պլանավորվող ռումբեր և նույնիսկ թևավոր հրթիռներ, ինչը, ըստ Forbes-ի, թույլ է տալիս ինքնաթիռին մեծ հեռահարությունից հարվածներ հասցնել։ Արդիականացվել են նաև ինքնաթիռի ռադիոէլեկտրոնային սարքավորումները։
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը կարող է նախընտրել, որ իր Սու-25-երը համատեղելի լինեն թուրքական զինատեսակների հետ, քանի որ դա կբարձրացնի փոխգործունակությունը Թուրքիայի զինված ուժերի հետ, ինչն Անկարայի և Բաքվի ընդհանուր քաղաքական նպատակն է։
Իսրայելական Elbit Systems ընկերությունն արդիականացրել է ադրբեջանական T-72 տանկերը։ Ըստ Forbes-ի՝ դրանց արդիականացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է տեսանելի ապագայում այդ հին տանկերը շահագործել։
Արդիականացման ժամանակ հաշվի են առնվել Ուկրաինայի պատերազմի վերջին դասերը, գրում է հրատարակությունը՝ ցուցահանդեսի կայքին հղումով։ Մասնավորապես, արդիականացման շրջանակներում տանկերը համալրվել են հակակուտակային էկրաններով և պաշտպանիչ վանդակաճաղերով, որոնք նախատեսված են անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Տանկերը նաև ստացել են կառավարման և թիրախավորման իսրայելական ժամանակակից համակարգեր, ինչպես նաև կատարելագործված դինամիկ պաշտպանություն։
2023 թվականի հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական TUSAŞ պաշտպանական ընկերությունը պայմանագիր էին ստորագրել Ադրբեջանի զինված ուժերին սպասարկող Սու-25 գրոհային ինքնաթիռների արդիականացման համար։ 2024 թվականի սեպտեմբերին ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել էր ինքնաթիռների արդիականացման առաջին փուլի ավարտի մասին։ Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Պակիստանից ձեռք էր բերել JF-17C բազմանպատակային կործանիչներ։ 2024 թվականի փետրվարին Բաքուն հայտարարել էր թուրքական Akinci նորագույն հարվածային անօդաչու սարքեր ընդունելու մասին։