Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջելով անհապաղ դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանային մարտական գոտուց, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի խաղաղապահները, մնալով իրենց դիրքերում, «պատանդ են դառնում» շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ջոկատներին, որոնց դեմ ուղղված են իսրայելական զորքերի գործողությունները։
Հոկտեմբերի 10-ին UNIFIL-ը հայտնել էր իսրայելական զինվորականների կողմից իր գլխավոր շտաբի և հենակետերի հրթիռակոծման մասին: UNIFIL-ի տվյալներով՝ վիրավորվել էր երկու խաղաղապահ։ Իսրայելական բանակն, իր հերթին, հայտնել էր, որ իր զորքերը հարվածել էին իրենց համար վտանգ ներկայացնող թիրախի վրա, որը գտնվում էր խաղաղապահների դիրքի կողքին, իսկ խաղաղապահները պատահաբար են վիրավորվել։
Հոկտեմբերի 10-ին իսրայելական օդուժը հարվածել էր Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբաա կենտրոնական շրջանին, որի հետևանքով 11 մարդ զոհվել էր, 48-ը՝ վիրավորվել։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: