Իսրայելական զինուժը մեկ օրում Լիբանանում ռմբակոծել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության 200-ից ավելի դիրքեր և արձակման կայաններ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին օրվա ընթացքում ռազմաօդային ուժերը, ցամաքային ուժերի հետ համակարգելով, հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում և նրա տարածքի խորքում «Հըզբոլլահի» ավելի քան 200 թիրախի, այդ թվում՝ հակատանկային հրթիռային համակարգերին, հրթիռային կայաններին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, իսրայելական զորքերն սպանել են խմբավորման տասնյակ ներկայացուցիչների, «ապամոնտաժել «Հըզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքը, ինչպես նաև հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք»։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: