Օկուպացված Արցախում գյուղատնտեսական հողերը վարձակալությամբ կտրվեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ Ադրբեջանում հողերի վարձակալության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել։
Նշվում է, որ Արցախում գյուղատնտեսական հողերը ներդրումային մրցույթների միջոցով վարձակալությամբ կտրվեն տնտեսվարող սուբյեկտներին՝ համապատասխան գործադիր մարմնի սահմանած կարգի։
Ըստ հաղորդագրության՝ «Հողի վարձակալության մասին» օրենքումլրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը քննարկվել է այսօր Միլի Մեջլիսի ագրարային քաղաքականության հանձնաժողովի նիստում։
Նախագծում նշվում է, որ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանների գյուղական և քաղաքային տարածքային միավորների սահմաններում գտնվող բնակավայրերին մոտ գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերն արտոնյալ պայմաններով վարձակալությամբ են տրվելու գյուղերի և քաղաքների բնակիչներին՝ միամյա և բազմամյա կուլտուրաներ ցանելու համար:
2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ժամը 07:10-ին սկսված մարտական գործողություններ էին ծավալվել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում: 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հրադադարի մասին հայտարարություն էին ստորագրել։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր գաղթել ՀՀ։