Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Բեյրութի հարավային ծայրամասերի և արվարձանների վրա, որտեղ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն ունի օբյեկտներ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ իսրայելական բանակի հրամանատարությունը հրատապ նախազգուշացում էր ուղարկել հարավային թաղամասերի բնակիչներին՝ պահանջելով լքել մի քանի շենք, որոնք մոտ ապագայում ավիահարվածների կենթարկվեն։
Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի սկզբից բնակիչների 90%-ը հարավային արվարձաններից տեղափոխվել է քաղաքի կենտրոնական հատված և հյուսիսային Լիբանան։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է նաև Բեյրութի արվարձաններից մեկում ստորգետնյա զենքի պահեստի ոչնչացման մասին։
Ըստ կայքի՝ հարվածից առաջ բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու վտանգը, այդ թվում՝ նախազգուշացում տարածքի բնակչությանը, ասել են զինվորականները:
Ավելի վաղ իսրայելական բանակը հրամայել էր տարհանել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շենքը՝ զգուշացնելով, որ այն գտնվում է մի տարածքում, որտեղ զինվորականները «գործելու են մոտ ապագայում»։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: