Հոկտեմբերի 12-16-ը Հայաստանում անցկացվել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Օդապարիկներով թռիչքներ են իրականացվել Երևանում, Գառնիում և Ապարանում։
Հոկտեմբերի 12-ին Գառնի գյուղում տեղի է ունեցել օդապարիկով առաջին միաժամանակյա թռիչքը։ Հինգ օրվա ընթացքում Հայաստանի երկինքը զարդարվել է ավելի քան 20 օդապարիկով։ Վեցերորդ փառատոնն անցկացվում է 2017 թվականից։
Փառատոնի կազմակերպիչ, Skyball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն ընդգծել է, որ վերջին տարիներին փառատոնի աշխարհագրությունն զգալիորեն ընդլայնվել է․ 2017 թվականի առաջին փառատոնին մասնակցում էր 14 օդապարիկ երեք երկրից, այս տարի շուրջ 120 օտարերկրյա մասնակիցներ կան։ Թռիչքների համար, նրա խոսքով, Հայաստան է ժամանել 21 օդաչու անձնակազմերով՝ Բուլղարիայից, Բրազիլիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Մոնակոյից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից։
Բարսեղյանը հավելել է, որ այս տարի առաջին անգամ Հայաստանի բաց գավաթի խաղարկության շրջանակներում մրցակցային թռիչքներից բացի կազմակերպվել են նաև սիրողական թռիչքներ։
«Այս տարի առաջին անգամ կազմակերպվել է Հայաստանի բաց գավաթը։ Սա մեր առաջին փորձն է լիովին համապատասխանելու Aéronaux Internationale-ի (FAI) կանոնակարգերին, որպեսզի հետագայում կարողանանք հայտ ներկայացնել ավելի մեծ, մասշտաբային սպորտային թռիչքների համար: Սա լուրջ փորձ կհանդիսանա։ Հուսով եմ՝ հաջորդ տարի է՛լ ավելի մեծ ծավալով կունենանք սպորտային հատված»,- ասել է Skyball-ի տնօրենը։
Նա խոսել է նաև մրցութային ծրագրի և ժյուրիի կազմի մասին, որում ընդգրկված էր գերմանացի երկու մասնագետ և փորձագետ Ճապոնիայից, որոնք Միջազգային ավիացիոն սպորտի ֆեդերացիայի (FAI) ներկայացուցիչներ են։
«Յուրաքանչյուր թռիչքից առաջ սպորտի ղեկավարությունը որոշում է առաջադրանքներ, որի արդյունքում օրինակ՝ հինգ կիլոմետր հեռավորության վրա դրվում են խաչեր, և օդաչուները փորձում են մաքսիմալ մոտենալ խաչին և հատուկ մարկերները զամբյուղի միջից նետել խաչին ամենամոտը։ Թռիչքների ընթացքում այդ ամբողջ հաշվարկներն իրականացվում են և վերջում ամենաշատ միավոր հավաքածներն ստանում են մրցանակներ»,- նշել է Բարսեղյանը։
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի խոսքով՝ «Բացահայտիր Հայաստանը երկնքից» փառատոնը նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվող վերջին՝ 12-րդ փառատոնն էր։
Փառատոնը նվիրված էր Երևանի ծննդյան տարեդարձին, որը հոկտեմբերի 13-ին նշեց իր 2806-ամյակը։
2023 թվականի օդագնացության միջազգային փառատոնը տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-18-ը։ Փառատոնը բացվել էր հոկտեմբերի 14-ին՝ առավոտյան, ապա երեկոյան օդապարիկներով Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից։ Փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցել էր 20 օդապարիկ, որոնց օդաչուները Բրազիլիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից էին։ Ավելին կարդացեք մեր նյութում։