Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) դատական հայց է ներկայացրել ամերիկյան Bellator մարտական կազմակերպության և նրա նոր սեփականատեր հանդիսացող PFL ընկերության դեմ՝ պայմանագիրը խախտելու համար, հաղորդում է MMA Fighting-ը:
Նա Bellator-ին մեղադրել է այն բանում, որ Bellator-ը PFL ընկերությանը վաճառելուց հետո պրոմոուշենի ներկայացուցիչներն իր հետ կապ չեն հաստատում, ինչի հետևանքով նրան դուրս են թողել մարտերից։ Նա պահանջել է ավելի քան 15 մլն դոլարի վնասի փոխհատուցում:
Մուսասին Bellator-ի հետ պայմանագիր էր կնքել 2017 թվականին, որը երկարաձգել էր 2020 թվականին: Գործարքի պայմանների համաձայն՝ Մուսասին պետք է 200,000 դոլարի չափով երաշխավորված հոնորար ստանար յուրաքանչյուր մենամարտի համար, լրացուցիչ 50,000 դոլար՝ նոկաուտով կամ հանձնումով հաղթած մենամարտերի համար։ Պայմանագրով նա նշված 3 ելքով մարտերի դեպքում յուրաքանչյուր մենամարտից պետք է 600,000 դոլարի չափով գովազդային հոնորար ստանար։
Դատական հայցով մարտիկը բողոքել է առաջին չորս պայմանագրային մենամարտերն ավարտելուց հետո ընկերության դրսևորած անգործությունից։ Մարզիկը նաև նշել է, որ չնայած վնասվածքին՝ ընդունել է մարտիկ Ֆաբիան Էդվարդսի դեմ մենամարտը։
«Նրանք հրաժարվում են մեզ պատասխանել։ Ես մարզվում էի, պատրաստ էի։ Բայց, ինչպես ասացի, նրանք ինձ առաջ չեն տանում կամ, ընդհանրապես, կարծում են, որ ես ավարտել եմ կարիերաս։ Հորս մահից հետո Ֆաբիան Էդվարդսը երկու մենամարտ անցկացրեց, և այդ ժամանակից ի վեր նրանք (PFL-խմբ.) նույնիսկ մեզ հետ կապ չեն հաստատել»,- հայտարարել է Մուսասին՝ MMA Fighting պարբերականին տված հարցազրույցում։
Մուսասին աշխարհի վեցակի չեմպիոն է։ Իրանում ծնված և Նիդերլանդները ներկայացնող 39-ամյա հային անվանում են «երազող»։ 2022 թվականի փետրվարին UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Մուսասիին անվանել էր MMA-ի ամենաթերագնահատված մարտիկը։