Չինական Deep Blue Aerospace ընկերությունը վաճառել է 2027 թվականին նախատեսված կոմերցիոն տիեզերական թռիչքի առաջին երկու տոմսերը, հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ առցանց հեռարձակմանը միացած միլիոնավոր մարդիկ մրցում էին տիեզերք գնալու հնարավորության համար: Մեկ տոմսի արժեքը կազմել է շուրջ 140,000 դոլար։ Դրանք վաճառվել են «ակնթարթորեն»:
Deep Blue Aerospace-ը պլանավորում է թռիչքներ իրականացնել 2027 թվականին՝ 2025-2026 թվականներին մի շարք փորձարկումներից հետո:
Ընդհանուր առմամբ՝ շուրջ 3 միլիոն մարդ միացել է առցանց հեռարձակմանը, որտեղ տոմսեր են վաճառվել։ Deep Blue Aerospace կայքը նշում է, որ տիեզերանավը 6 ուղևորի կբարձրացնի 100-150 կմ բարձրություն, որտեղ նրանք անկշիռ վիճակում կանցկացնեն մոտ 12 րոպե: Մնացած տոմսերը, ըստ ամենայնի, ավելի ուշ կվաճառվեն։
Deep Blue Aerospace-ը, ի դեպ, միակ չինական ընկերությունը չէ, որը նախատեսում է զարգացնել տիեզերական զբոսաշրջությունը. նրա մրցակից CAS Space-ը նույնպես հայտարարել է 2027 թվականին զբոսաշրջային թռիչքներ սկսելու մտադրության մասին:
Պատմության մեջ առաջին կոմերցիոն տիեզերական զբոսանքը տեղի էր ունեցել սեպտեմբերին։ Crew Dragon նավը չորս զբոսաշրջիկներով հաջողությամբ մեկնել էր տիեզերք և վերադարձել Երկիր։