Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ կապ հաստատել չկարողանալու մասին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։
«Վրաստանի նախագահը վերջերս խրախուսել է երկրում նախընտրական շրջանում բռնությունները, և այժմ նրա կոկորդիլոսի արցունքները ոչ մեկին չեն հետաքրքրում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Ավելի վաղ Զուրաբիշվիլին տեսաուղերձով նշել էր, որ չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ։ Նախագահի խոսքով՝ ցանկանում է նախարարին խնդրել արագացնել և բարձրացնել ոստիկանության արձագանքման արդյունավետությունն ընտրատեղամասերում։
Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, Զուրաբիշվիլիին չեն վերաբերում ո՛չ ՆԳՆ-ն, ո՛չ էլ գերատեսչության ղեկավարը։
«Սա խորհրդարանական հանրապետություն է, որտեղ կա ուղղահայաց գիծ, կա իշխանություն, կա ենթակայության համակարգ, և Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հարգի այս համակարգը, բայց այս դեպքում նա հնարավորություն չի ունենա դեմ գնալ օրենքին»,- ընդգծել է վարչապետը։
Նշվում է, որ Վրաստանում ընտրությունների օրը ծեծկռտուքներ են տեղի ունեցել մի շարք ընտրատեղամասերում։
Այսօր Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սամտրեդիայի և Չոխատաուրի շրջանների սակրեբուլոյի (շրջանային ժողովի) միջանկյալ ընտրություններ։
Պատգամավորական մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի «Վրացական երազանքի» հիմնական մրցակիցները համարվում է 4 ընդդիմադիր կուսակցություն՝ «Միասնություն ազգային շարժումը», որի ողնաշարն է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժումը», նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան Վրաստանի համար», «Ուժեղ Վրաստան» և «Փոփոխությունների կոալիցիան»: Հենց այս կուսակցություններն են նախատեսում կոալիցիոն կառավարություն ստեղծել, եթե ավելի շատ ձայն ստանան, քան «Վրացական երազանք»-ը։ Առաջին անգամ ընտրություններն անցկացվում են միայն համամասնական ընտրակարգով (կուսակցությունների ցուցակներով) և լայնամասշտաբ՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվման ապարատի կիրառմամբ։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։