Հայաստանը ներկայացնող ծանրորդ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Գոռ Սահակյանը (73 կգ) Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) նվաճել է ոսկե մեդալ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ 175, ապա 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել:
Հոկտեմբերի 28-ին Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն էր արժանացել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց էր տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):
Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր:
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։