2025 թվականին Հայաստանում 4 խոշոր մարզական միջազգային միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հաջորդ տարվա մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին շուրջ 50 երկրի ավելի քան 800 մարզիկ կմասնակցի: Ապրիլի 12-20-ը Հայաստանում կանցկացվեն տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի հանդիպումները: Հուլիսի 10-20-ը Երևանում կանցկացվի բասկետբոլի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը, որին, նախնական տվյալներով, 20-24 երկրի մասնակցություն է ակնկալվում: Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը՝ 16 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ըստ գերատեսչության՝ ՀՀ-ում նախատեսված մարզական միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նիստում քննարկվել են միջոցառումների անցկացման կազմակերպչական մի շարք հարցեր:
Հայաստանում նոյեմբերի 18-24-ը կանցկացվի Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով: