Երևանում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը` նվիրված դերասանի 100-ամյա հոբելյանին, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Հուշարձան տեղադրելու իշխանությունների մտադրության մասին ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր օգոստոսի 8-ին:
2,8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց։ Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։
Արձանի բացման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: Միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Արձանի բացման արարողությանը հաջորդել է դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը և լուսանկարների ցուցահանդեսը: Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.): Նամականիշի աջ հատվածում առկա են «100 ամյակ», «Երվանդ Մանարյան» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով:
Մանարյանը ծնվել է 1924թ․ օգոստոսի 10-ին՝ Իրանում, մահացել է 2020թ․ փետրվարի 19-ին։ Նա նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել ֆիլմերում, հրատարակել պատմվածքներ և հոդվածներ։ 1957-59թթ. աշխատել է որպես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր: