Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևն անցկացրել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների տասերորդ նիստը, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:
Կողմերն արձանագրել են, որ նշված կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Ըստ ԱԳՆ-ի՝ փոխվարչապետները քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Գրիգորյանը և Մուստաֆաևը քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր, հավելել են ԱԳՆ-ից։
Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել էր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործունեության կանոնակարգը վավերացնելու օրենքը։ Կանոնակարգը հաստատելու մասին հրամանագիր էր ստորագրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կանոնակարգի վավերացմանը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի փաստաթուղթը վավերացնելու հարցը։
Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին և ներառել ԱԺ նիստերի օրակարգում։ ԱԺ ընդդիմությունը հոկտեմբերի 22-ի նիստում բոյկոտել էր սահմանազատման կանոնակարգի քննարկումն ու քվեարկությունը։ Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։