Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր կազմակերպելու մտադրության մասին, հայտնում է Newsgeorgia-ն։
Ըստ աղբյուրի՝ «Միասնություն ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն ասել է, որ ընդդիմությունը մեկնարկում է «դիմադրության շարժում և դիմադրության խաղաղ ճակատ նախ Թբիլիսիում, այնուհետև ողջ Վրաստանում»։
Նրա խոսքով՝ «այս շաբաթ ամբողջ Թբիլիսիում տեղի կունենա դիմադրության երթերի շաբաթ», և գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ընդդիմությունը չհասնի հաղթանակի։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։