Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ դառնալու տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն՝ մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա հիմնված ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը:
Ավելի ուշ Փաշինյանը շնորհավորական պաշտոնական ուղերձ է հղել Թրամփին՝ նշելով, որ Հայաստանի և ԱՄՆ-ի՝ անցած տարիների հարաբերություններն աննախադեպ առաջընթաց են գրանցել։
«Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը մատնանշել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման մասին։
«Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն, կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը: Լիահույս եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- եզրափակել է Փաշինյանը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել էր 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։ Ըստ հեռուստաալիքի՝ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը դեռ ունի 226 ձայն։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր իր հաղթանակի մասին։