ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, որոնց ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, տեղեկացնում է BBC-ն։
Համաշխարհային քաղաքական գործիչներն սկսել են արձագանքել Թրամփի հավանական հաղթանակին և ուրվագծել նրա հետ համագործակցության հեռանկարները: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլ քաղաքական գործիչներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թրամփի հաղթանակն անվանել է «պատմության մեջ ամենամեծ վերադարձը», իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփը կօգնի արդարացիորեն ավարտին հասցնել ռուս-ուկրաինական պատերազմը։
«Դա շարժում էր, որի նմանը ոչ ոք երբևէ չէր տեսել և, անկեղծ ասած, կարծում եմ, որ դա բոլոր ժամանակների ամենամեծ քաղաքական շարժումն էր», – ասել է Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցներին:
Նրա խոսքով՝ ամերիկացիներն իրեն աննախադեպ և հզոր մանդատ են տվել, որով նա «կօգնի երկրին ապաքինվել»։ Փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը Թրամփի քարոզարշավը որակել է որպես «պատմության մեջ ամենամեծ քաղաքական վերադարձ»։
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփը հաղթում է բոլոր 7 «տատանվող» նահանգներում։ Ըստ Associated Press-ի՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում հաղթելուց հետո Թրամփն իր մրցակցի նկատմամբ 2 միավորի առավելություն ունի Ջորջիայում, 3 միավոր՝ Փենսիլվանիայում, 6 միավոր՝ Միչիգանում, 4 միավոր՝ Վիսկոնսինում և 4 միավորով՝ Նևադայում։
Ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրությունների հետ միաժամանակ։ Նախագահական ընտրություններում հաղթելու համար հարկավոր էր ստանալ Ընտրական կոլեգիայի ձայների կեսը՝ գումարած մեկ ձայն, այսինքն՝ 270 ձայն: Դեկտեմբերի 17-ին ընտրողները կքվեարկեն իրենց նահանգներում, որից հետո նրանց ձայները կներկայացվեն ԱՄՆ Կոնգրեսին՝ հաստատման համար։ Նախագահի երդմնակալությունը նշանակված է 2025 թվականի հունվարի 20-ին։
Հոկտեմբերի վերջին Թրամփը դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ անգործության և Արցախից հայերի բռնի գաղթի համար։ Նոյեմբերի 2-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հաստատել էր իր զորակցությունն արցախահայությանը։
Հեզբոլլահը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազայի վրա
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռակոծել են Թել Ավիվի արվարձանում գտնվող իսրայելական ռազմական հետախուզության Գլիլո բազան, կիրակի օրը հայտնել է շարժման...