ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը 2017-2021 թվականների իր առաջին նախագահական ժամկետի համեմատ ավելի ակտիվ կլինի Հարավային Կովկասում, Past-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Միևնույն ժամանակ, նա կասկած է հայտնել, որ տարածաշրջանը Թրամփի համար նույնքան կարևոր կլինի, որքան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար էր։
«Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն: Սա, իհարկե, իր ազդեցությունը կարող է ունենալ»,- ասել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանը, թեև չափազանց կարևոր է Հայաստանի համար, բայց Թրամփի համար այդքան էլ կարևոր չէ։ Նրա խոսքով՝ Թրամփի վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ կփոխվի այն պատճառով, որ Բայդենը վերջին չորս տարիներին ակտիվորեն աշխատել է այստեղ և մասնակցել հայ-ադրբեջանական բանակցություններին։ Թրամփի ազդեցությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման վրա կախված կլինի նրանից, թե որ քաղաքական գործիչները նոր վարչակազմում կզբաղեցնեն առանցքային պաշտոններ, կարծում է Սարգսյանը։
«Բայդենը կողմերին անընդհատ կոչ է անում մինչև տարեվերջ ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»: Հիմա, բնականաբար, Բայդենի ազդեցությունն այլևս չկա, եթե լիներ Հարիսը, էլի չէր լինի, բայց գոնե մի փոքր ավելին կլիներ: Հիմա Թրամփն է, իհարկե, այդ ազդեցությունն ընդհանրապես Ալիևի վրա չի գործելու: Թրամփը գալու է նոր թիմով, նոր մարդկանցով, տեսնենք, թե ովքեր ինչ պաշտոն են զբաղեցնելու հասկանալու համար, թե ինչ զարգացումներ պետք է սպասել նաև այդ ուղղությամբ»,- պարզաբանել է նա։
Սարգսյանը հիշեցրել է Արամ Ա կաթողիկոսի հետ Թրամփի հեռախոսազրույցը և ընտրություններից առաջ հայ համայնքին ուղղված ուղերձը՝ նշելով, որ այդ ուղերձները պետք է դիտարկել ընտրական տրամաբանության համատեքստում։ Սակայն դրանք նաև լավ հիմք են առաջիկա տարիներին հայ համայնքի, եկեղեցու և լոբբիստների հետագա աշխատանքի համար, կարծում է քաղաքագետը։
Նա կասկած է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կցանկանան համագործակցել ԱՄՆ-ի հանրապետականների հետ։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք ընդհանրապես խուսափում են հանրապետականներից։ Սա հարցի մյուս կողմն է։ Բայց ես կարծում եմ, որ հայ համայնքը, լոբբիստները և եկեղեցին կարող են աշխատել Թրամփի վարչակազմի հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ կարծես արդեն ունենք Թրամփի հետ անմիջական շփման փորձ»,- ասել է Սարգսյանը։
Մեկնաբանելով Թրամփի հնարավոր ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա՝ Սարգսյանը կոչ է արել հիշել նրա նախկին հայտարարությունները։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը կհանգեցնի փոփոխությունների ուկրաինական ճակատում։ Քաղաքագետը հիշեցրել է, որ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ երկխոսություն հաստատելու և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու ծրագրերի մասին։
«Միայն այս երեք ուղղությունները ցույց են տալիս, որ իր՝ հաջորդ չորս տարվա նախագահությունն աշխարհում բերելու է որոշակի փոփոխությունների: Կարծում եմ՝ սա բոլորի համար ակնհայտ է դարձնում այն, որ Թրամփն, այդուհանդերձ, կարողանալու է իրավիճակը համաշխարհային պրոցեսներում փոխել, եթե նայենք գլոբալ խնդիրներին: Շատ կարևոր է նաև Իրանի նկատմամբ դիրքավորումը»,- եզրափակել է փորձագետը։
Փորձագետը հիշեցրել է, որ Թրամփը (առաջին նախագահական ժամկետ) և Բայդենը (մինչ օրս) իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չեն ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վերջին հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումը տեղի է ունեցել Փենս-Սարգսյան մակարդակով, մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություն»,- գրել է նա:
Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփը նախնական արդյունքներով հաղթել է ավելի քան 270 ընտրողների ձայնով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր նրան հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Թրամփի նախագահության ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը կիրականացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի հասնելու ընդհանուր տեսլականը։ Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կոչ էր արել Թրամփի ընտրությունը չկապել Երևանի և Վաշինգտոնի հարաբերություններում հնարավոր փոփոխությունների հետ։
Հոկտեմբերի 21-ին Բայդենը նամակ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով մինչև տարեվերջ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Նա ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Հաջորդ օրը Բայդենը նման կոչով դիմել էր Փաշինյանին։ ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել էր, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»։ Սարգսյանը Փաշինյանին և Ալիևին ուղղված Բայդենի նամակները կապել էր նրանց միջև խաղաղության «կնքահայրը» դառնալու ցանկության հետ։
Հոկտեմբերի վերջին Թրամփը Հարիսին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ անգործության և Արցախից հայերի բռնի գաղթի համար։ Նոյեմբերի 2-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հաստատել էր իր զորակցությունն արցախահայությանը։