Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը դեկտեմբերի 5-ից կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։
Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։
Ֆիլմը նախաձեռնել է «Պարադիզ» կինոընկերությունը։ Լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, որը հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։
Հեղինակների խոսքով՝ ֆիլմը պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի, աշխատասիրության և այն մասին, թե ինչպես է մարդը կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողել երաժշտության աշխարհում:
Ֆիլմը թողարկվել է 2024 թականին՝ Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացնեն հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լևոնյանը։
2023-ի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Ազնավուրի և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը վերանվանվել էր Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։