Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են «Ադրբեջանական տներ» կոչվող կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն իրականացնել հակահայկական քարոզչություն, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։
Նշվում է, որ այդ կազմակերպությունները, պատմական իրադարձությունները խեղաթյուրելով, նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։
Հիմնադրամը հիշեցրել է, որ «Ադրբեջանական տներ»-ի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվել էր «Ցեղասպանության և տեղահանության հանցագործություններն արևմտյան ադրբեջանցիների դեմ» խորագրով միջոցառում, ցուցադրվել էր նաև İZ (թարգմանաբար՝ հետք) ֆիլմը՝ հայերին մեղադրելով երևակայական տարածքի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի պատմական հուշարձանները՝ ամրոցներ, պալատներ, դամբարաններ, մզկիթներ, կամուրջներ և այլն, ոչնչացնելու մեջ։
Փետրվարին Լեհաստանի Կրակով քաղաքում նորաբաց «Ադրբեջանական տուն»-ն անցկացրել էր, այսպես կոչված, Խոջալուի «ցեղասպանության» նվիրված ցուցահանդես։
«Ուսումնասիրելով ադրբեջանական սփյուռքի գործունեությունը՝ վստահորեն կարելի է արձանագրել, որ այն հիմնված է հակահայկական բովանդակության վրա: Ըստ ամենայնի՝ Բաքվի իշխանությունն անգամ սփյուռքի միջոցով ջանք չի խնայում միջազգային հանրությանը ներկայացնել խեղաթյուրված հակահայկական փաստեր»,- հավելել են հիմնադրամից:
Նոյեմբերի 6-ին հիմնադրամը հայտնել էր, որ ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (COP29) անցկացման նախօրեին Գերմանիայում բողոքի ակցիա էին անցկացրել։ Հիմնադրամի տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրողներ են։