Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում հարվածներ են հասցրել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության երեք թիրախներին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ լրատվականի աղբյուրի՝ հզոր պայթյուններ են տեղի ունեցել Գոբեյրիի և Շիախի շրջաններում։
«Ռմբակոծության մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ իսրայելական ռազմական հրամանատարության ներկայացուցիչn առաջիկա ավիահարվածների մասին սոցցանցերում նախազգուշացում է հրապարակել, տանը գտնվող մարդիկ տարհանվել են»,- նշել է նա։
Al Mayadeen հեռուստաալիքը հայտարարել է, որ զոհվել է շուրջ 30 մարդլ, ևս 30-ը՝ վիրավորվել։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի պաշտպանության բանակն առնվազն 13 ավիահարված է հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտի տարբեր շրջաններում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ևս մի քանի բնակիչ անհայտ կորած է համարվում։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: