«Վրացական երազանքը» Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, հայտնել է SOVA-ն՝ հղում անելով կուսակցության պաշտոնական հայտարարությանը։
Նշվում է, որ «Վրացական երազանք» խմբակցությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրելու է Շալվա Պապուաշվիլիին:
Վրաստանում ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միասնություն-ազգային շարժում» կուսակցությունները նոյեմբերի 18-ին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով փակել էին Թբիլիսիի պետական համալսարան տանող ճանապարհն ու վրաններ տեղադրել։ Նոյեմբերի 20-ին ոստիկանները ցուցարարներին հեռացրել էին Պետական համալսարանի մասնաշենքի դիմացի տարածքից։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։