Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ամբողջությամբ փակել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի ծառայողական մուտքեր տանող փողոցները, հայտնել է ՏԱՍՍ-ի թբիլիսյան թղթակիցը։
ՆԳՆ աշխատակիցները, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները, տեղակայվել են խորհրդարանի շենքի երկու կողմերում, ինչպես նաև հետևի մասում գտնվող այգում, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մտնել շենք, հայտնել է լրատվականը։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 11-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը պետք է գումարի այսօր՝ նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 12:00-ին, որի ժամանակ կընտրեն խոսնակին, փոխխոսնակներին և օրենսդիր մարմնի հանձնաժողովների ղեկավարներին։
Ընդդիմությունն ու նրա համախոհները, որոնք դեմ են ընտրությունների արդյունքներին, կիրակի օրվանից հանրահավաք են անցկացնում։ Նրանք գիշերել են Ռուսթավելի պողոտայում տեղադրված վրաններում։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։