Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանին առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 14-ին, որը կհաստատվի նոյեմբերի 26-ի լիագումար նիստում, հայտնել է «Պիռվելի առխի»-ն։
Պապուաշվիլիի խոսքով՝ նորընտիր նախագահի երդմնակալությունն այդպիսով կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 29-ին։
Նախագահի ընտրության նոր կանոնի համաձայն, որը սահմանվում է Սահմանադրությամբ, նախագահն այլևս չի ընտրվի ուղղակիորեն, այսինքն՝ համընդհանուր ընտրություններով, և խորհրդարանն իրավասու է ընտրել նախագահ։
Մասնավորապես, ընտրական կոլեգիան Վրաստանի նախագահին կընտրի հինգ տարի ժամկետով՝ բաց քվեարկությամբ։ Ընտրական խորհուրդը կհաստատի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Կոլեգիան կազմված կլինի 300 անդամից, այդ թվում՝ խորհրդարանի բոլոր 150 անդամից, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի 20 անդամից, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 անդամից և համապատասխան ինքնակառավարման ներկայացուցիչներից (109 անդամ):
Բացի այդ, նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք կունենա ընտրական կոլեգիայի առնվազն 30 անդամ։ Ընտրական կոլեգիայի մեկ անդամ կարող է աջակցել միայն մեկ թեկնածուի առաջադրմանը։ Ընտրությունների առաջին փուլում ընտրված կհամարվի այն թեկնածուն, ով կստանա ընտրական կոլեգիայի ամբողջական կազմի ձայների առնվազն երկու երրորդը։ Եթե թեկնածուն չկարողանա հավաքել նշված թիվը, ապա կանցկացվի երկրորդ քվեարկություն, որտեղ ընտրությունը կկայանա պարզ մեծամասնությամբ, պարզաբանել է կայքը։
Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի հինգերորդ նախագահ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 28-ին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։