Առնվազն վեց մարդ է զոհվել Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, հայտնել է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ զոհվածներից երկուսը զինվորական են։
«Ժամը 00:05-ին Իսրայելն ագրեսիա է իրականացրել Լիբանանի օդային տարածքից՝ կրակելով Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող Հոմս նահանգի անցակետերի ուղղությամբ»,- պատմել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: