Հակակոռուպցիոն կոմիտեում տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին (ArmSat-1-խմբ․) առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից քրվաույթին առնչվող այլ մանրամասներ չեն հայտնել՝ հղում անելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածին։
Նշենք, որ 8-րդ հոդվածով տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։
Հոկտեմբերին «Հրապարակ» օրաթերթը գրել էր բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից արված բացահայտումների մասին, ըստ որի՝ «ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում հայկական արբանյակը տիեզերք ուղարկելու ծրագրի համար 8 միլիոն դոլար են վատնել»։
Նոյեմբերի 12-ին Հայրապետյանը «մանիպուլացիա» էր որակել մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե «արբանյակի համար նախարարությունը բյուջեից գումարներ է մսխել»։
Նոյեմբեի 23-ին «Ազատությունը» գրել էր, որ վատնումների համատեքստում շրջանառվում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունը, քանի որ ծրագիրը մեկնարկել էր նրա՝ ԲՏԱ նախարար լինելու ժամանակ։
ArmSat-1-ը տիեզերք էր արձակվել 2022-ի մայիսին։ 2023-ի դեկտեմբերին տիեզերք էր արձակվել «Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակը։
Հոկտեմբերի 12-ին ԲՏԱ նախարարությունից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նախարարությունը և Starlink ընկերությունը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ։