ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հունական ԶԼՄ-ների տեղեկությունները Հայաստանին ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցելու Աթենքի ծրագրերի մասին։
Նա նշել է, որ ռուսական կողմը ծանոթ է այդ հաղորդագրություններին և այդ կապակցությամբ հիշեցրել է 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և 2013 թվականի դեկտեմբերի 3-ի ռազմական արտադրանքի մատակարարման դրույթների «խիստ պահպանման անհրաժեշտությունը»:
«Դրանք, միանշանակ, Հունաստանին արգելում են առանց Ռուսաստանի համաձայնության վերաարտահանել մեր կողմից մատակարարված ռազմական տեխնիկան, բայց այս պահին մենք հունական կողմից ոչ մի հարցում չենք ստացել»,- ասել է Զախարովան։
Նոյեմբերի 26-ին հունական լրատվամիջոցները հայտնել էին, որ Աթենքը շահագործումից հանելու է S-300 համակարգերը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային պաշտպանության համար և դրանք կտեղափոխի Հայաստան։