Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։
Նշվում է, որ ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Սարգսյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։
«Հատուկ անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Նշված ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման կարևոր դերն ընդգծելով՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախանշված ճանապարհային քարտեզին և թիրախային միջոցառումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը կարևորել են այս ուղղությամբ երկկողմ համատեղ և կայուն ջանքերի ներդրումը։
Նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սարգսյանը նշանակվել էր ՆԳ նախարար։ Վահե Ղազարյանը նոյեմբերի 18-ին հրաժարական էր տվել ՆԳՆ ղեկավարի պաշտոնից, Armenia Today-ին վարչությունից հաստատել էին հրաժարականը։ Իր ուղերձում նա նշել էր, որ գերատեսչությանը, երկրի համար դժվարին փուլում գտնվող բարեփոխումների իրականացման շնորհիվ, հաջողվել է բարձրացնել քաղաքացիների վստահության մակարդակը։