Հայաստանը համաձայնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկին՝ Վաշինգտոնի միջնորդությամբ Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին Armenia Today-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայրամովը հրաժարվել է Միրզոյանի հետ Բլինքենի առաջարկած հանդիպումից։ Ըստ նրանց՝ մերժման պատճառ է հանդիսացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի «անարդար և կողմնակալ» քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ։
Հայաստանի ԱԳՆ-ն նաև տեղեկացրել է, որ Միրզոյանը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում կարճատև հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Բլինքենի հետ։