Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով։
2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անգլերեն լեզվի 3-ամսյա դասընթաց էր անցնում, կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։
Գործով ՄԻԵԴ որոշումը կայացվել էր 2020 թվականի մայիսին։ Դատարանը որոշել էր, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում):
Դեկտեմբերի 3-5-ի նիստում ընդունված որոշման մեջ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, ընդգծելով, որ ավելի քան չորս տարի է անցել ՄԻԵԴ-ի որոշման ուժի մեջ մտնելուց, խորը մտահոգությամբ նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն տեղեկացրել հանձնաժողովին որևէ անհատական գործողությունների մասին։
Կոմիտեն իր որոշման մեջ Բաքվին կոչ է արել վճարել դիմումատուների ներկայացուցիչների դատական ծախսերը, շտապ կարգով հաստատել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կայքում Սաֆարովին ներում շնորհելուն և ազատելուն ուղղված նամակների հեռացումը։
Կոմիտեն իր որոշման մեջ, հիշեցնելով, որ մարդու իրավունքների լուրջ խախտումներ թույլ տված անձինք չպետք է իրավունք ունենան պետական պաշտոն զբաղեցնել, Ադրբեջանից պահանջել է միջոցներ ձեռնարկել նշված սկզբունքի կիրառումն ապահովելու համար, ինչպես նաև անհապաղ պարզաբանել՝ հանցագործին տրամադրված «արտոնությունների» վերաբերյալ:
Կոմիտեն պահանջել է Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն տրամադրել այս բոլոր կետերի վերաբերյալ՝ 2025 թվականի հունիսին նախատեսված իր նիստում քննարկելու համար, ինչպես նաև կարգադրել է միջանկյալ բանաձևի նախագիծ պատրաստել, որը Կոմիտեն կքննարկի «եթե մինչ այդ առանձին միջոցառումների իրականացման հարցում շոշափելի առաջընթաց չի գրանցվել»: