«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքը՝ քրդական ուժերի գլխավորությամբ, վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր քաղաքը, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ սիրիական կառավարական զորքերը և Իրանի կողմից աջակցվող իրաքյան զինյալները լքել են Դեյր էզ Զորը մինչ SDF-ի մուտքը։
Այնուհետև SDF-ը գրավել է նաև մոտակայքում Իրաքի հետ սահմանին գտնվող Ալբու Քամալ սահմանային անցակետը: Գործակալությունը նշում է, որ այսօր ավելի վաղ SDF-ի ղեկավար Մազլում Աբդին հայտարարել էր, որ իր ուժերը «հաղորդակցման ուղիներ» ունեն «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման հետ, մասնավորապես՝ Հալեպ քաղաքում բնակվող քրդերին պաշտպանելու համար։
«SDF-ը չի բախվել HTS-ի հետ, բայց կպաշտպանի իրեն, եթե հարձակման ենթարկվի, և նաև կապի մեջ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ իր վերահսկողության տակ գտնվող տարածքները պաշտպանելու համար»,- ասել է նա:
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասել էր, որ Հալեպում 10-12 հազար հայ կա և այս պահին հայերի տարհանում հնարավոր չէ։
Դեկտեմբերի 5-ին Սիրիայում զինյալ ապստամբները Համայից դուրս են մղել սիրիական բանակին՝ գրավելով այն։ Այնուհետև գրավել Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք