Կապանի և Քաջարանի համայնքապետեր Գևորգ Փարսյանը և Մանվել Փարամազյանը ձգտում են կարգավորել հարաբերությունները ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ՝ հաշվի առնելով կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ նրա մտերմությունը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով մարզային աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Փարսյանը և Փարամազյանը ներկա էին Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի լուսանկարների ցուցահանդեսին Կապանում: Ըստ աղբյուրի՝ խոսակցություններ կան, որ Սյունիքի հաջորդ մարզպետը Դանիելյանն է լինելու։
«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրված էր, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել»,- նշել է թերթը:
Լրատվականը հիշեցրել է Կապանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Փարսյանի և Դանիելյանի մրցակցության մասին։
Փարսյանը դեկտեմբերի 5-ին հայտնել էր իր ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների շուրջ իրավապահների կողմից քրեական վարույթներ նախաձեռնելու մասին։