1988-ի Սպիտակի երկրաշարժը պայմանավորված չէր այդ տարվա դեկտեմբերի բարձր ջերմաստիճանով, մթնոլորտային երևույթները կապված չեն երկրաբանական գործընթացների հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նա այսպես է մեկնաբանել հասարակության մտավախությունները, թե ձմռանն օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն սպասվող երկրաշարժի նշան է։
«Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ. հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են գրանցվել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,- գրել է Սուրենյանը։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13 +15 աստիճանի, իսկ Գյումրիում՝ մոտ 8-10 աստիճանի։ Այս տարի նույն օրը Երևանում ջերմաստիճանը 7-9 աստիճան է, իսկ Գյումրիում՝ -2-ից +1։
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցը։ Ամեն տարի այս օրը եկեղեցիներում կազմակերպվում են հոգեհանգստյան արարողություններ, մարդիկ այցելում են գերեզմաններ՝ հարգելու զոհերի հիշատակը, իսկ Սպիտակում հարյուրավոր մարդիկ հավաքվում են հուշարձանների ու կոթողների մոտ, ծաղիկներ դնում և կիսվում ողբերգական հիշողություններով։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայկական ԽՍՀ հյուսիս-արևմուտքում տեղի էր ունեցել 8 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ, որն զբաղեցրել էր մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ 1 մլն բնակչությամբ և խլել 25 հազար կյանք։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ, Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ 9 բալ, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) 8 բալ՝ 12 բալանոց սանդղակով։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել էին նաև Երևանում և Թբիլիսիում։
Armenia Today-ի «Սպիտակ. ողբերգությունից 35 տարի անց» նախագիծը պատմում է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում են մի քաղաքում, որը ջնջվել էր երկրի երեսից 20-րդ դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկի արդյունքում։ Ավելին՝ կարդացեք մեր նյութում։