Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը նշել է Երևանի հետ խաղաղության հաստատման խոչընդոտները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական գերատեսչության ներկայացուցիչը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության ներկայացուցիչների դիրքորոշման «անհետևողականությունը» երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներից մեկն է։
«Հայաստանի հետ բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում, սակայն կայուն խաղաղության հասնել դեռևս չի հաջողվել։ Հիմնական խոչընդոտներից են Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության ներկայացուցիչները խոսում են տարբեր դիրքերից»,- մեջբերում է գործակալությունն Ադրբեջանի փոխնախարարի խոսքերը։
Միևնույն ժամանակ՝ Մամեդովը վստահ է «կողմերի՝ համաձայնության գալու և խաղաղության հասնելու կարողության մեջ»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է, և Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Օգոստոսի 15-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը քննարկելու պատրաստակամության մասին։
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները տարածաշրջանում զգալի առաջընթաց են գրանցել, չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ն, նրա խոսքով, դարձել է «վնասակար հավակնությունների պատանդ»։
Նույն օրը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում հայտնել էր, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և Բաքվի հետ համաձայնագրի նախագծի նախաբանի ու 17 հոդվածներից 15-ի վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել էր նաև Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և նշել, որ Հայաստանը պատրաստ է փակել թշնամության էջը Հարավային Կովկասում։
Ռուբինյանը մանրամասներ է հայտնել Երևանի և Անկարայի ներկայացուցիչների հանդիպման մասին
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է հայտնել նոյեմբերին Երևանի և Անկարայի ներկայացուցիչների միջև կայացած...