«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Ուժեղ սփյուռք» 10 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շարունակման մասին, որն ուղղված է Սփյուռքի ներկայացուցիչների մշակած ծրագրերի աջակցությանը։ Ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանի խոսքով՝ ծրագրին կարող են մասնակցել Սփյուռքի անհատներ և կազմակերպություններ:
Ստեղծել Սփյուռքի տաղանդավոր հայերի ցանց
«Ծրագրի գերնպատակն է համախմբել հայերին, ոգեշնչել երիտասարդներին ստեղծագործելու, հայկական արմատներին հավատարիմ մնալու, մեր լեզուն ու մշակույթը տարածելու համար»,- Armenia Today-ին պատմել է Հայրապետյանը:
Նա հավելել է, որ հայտերը դիտարկելիս կազմակերպիչները հաշվի են առել, թե առաջարկվող նախագծերը որքանո՞վ են հզորացնում Սփյուռքը և խրախուսում Սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցությունը, և ինչպե՞ս է նրանց ներուժն ազդում ամբողջ աշխարհի հայերի միավորման վրա:
Հայրապետյանի խոսքով՝ 2024 թվականին հիմնադրամի առաջին մրցույթում մրցութային հանձնաժողովը 10 լավագույն նախագիծ է ընտրել։ Կազմակերպիչներն ստացել են ավելի քան 174 դիմում աշխարհի 26 երկրից, որոնց թվում են Չինաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Արգենտինան, Բրազիլիան:
«Ուզում եմ ընդգծել, որ դիմորդների 75%-ը մագիստրոսի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող մարդիկ են։ Այսինքն՝ գործ ունենք գրագետ և կիրթ մարդկանց հետ»,- նշել է Հայրապետյանը։
Ծրագրի ղեկավարը հավելել է, որ նախընտրական փուլի ժամանակ իրեն հաջողվել է զրուցել ավելի քան 1300 սփյուռքահայի հետ, և երբ ծրագրի պոտենցիալ մասնակիցները տեղեկացել են իրենց նախագծերի համաֆինանսավորման հնարավորության մասին, շատերը հայտարարել են, որ պատրաստ են ճանապարհը զիջել երիտասարդներին, քանի որ իրենք ի վիճակի են ֆինանսավորել իրենց գաղափարները:
«Նման դեպքերը շատ են։ Դա մեզ շատ տպավորեց»,- ասել է նա։
Մրցույթի հաղթողների ընտրությանը, Հայրապետյանի խոսքով, մասնակցել են Սփյուռքի ներկայացուցիչներ, ինչպիսիք են McKinsey & Company-ի տնօրենների խորհրդի անդամ Անդրե Անտոնյանը, Հայաստանի առողջապահության աջակցող կազմակերպության համահիմնադիր և գանձապետ Նադյա Գործունյանը, գրող Սառա Իգնատիուսը և այլոք: Ծրագրերն ընտրվել են նաև հեռանկարային լինելու սկզբունքով՝ հաշվի առնելով դրանց աճի ներուժը: Կազմակերպիչներն իրենց առջև խնդիր են դրել համակարգել նախագծերը, «ծանոթացնել» նրանց միմյանց հետ, որպեսզի Սփյուռքի տարբեր համայնքներում հայերի համագործակցության ցանցեր ստեղծեն:
Ուսումնասիրել Ուրֆայի մշակութային ժառանգությունը և վերաիմաստավորել այն
Մրցույթի հաղթող, ՕՔՐԱ գործակալության համահիմնադիր Անուշ Զեյնալյանի խոսքով՝ ՕՔՐԱ համատեղ նախագծի համաֆինանսավորումը և Ֆրանսիայի խոշորագույն դիզայներական դպրոցներից մեկը՝ l ‘ École Nationale des Arts Décoratifs-ը, թույլ կտան պրոֆեսորներ Օրսինե Վիսկոնտիի և Ջուզեպե Կակավալլիի միջոցով մեկ նախագծում միավորել Փարիզի համալսարանի ուսանողներին, հայ արվեստաբաններին ու արհեստավորներին։ Նրա խոսքով՝ նրանք ուսումնասիրելու են ասեղնագործության ավանդույթը, որը ծաղկել է հին հայկական Ուրֆա քաղաքում (այժմ գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի սահմանի մոտ):
«Մեր ծրագրի շրջանակում նախատեսում ենք ստեղծել նոր արվեստային գործ, որը կներկայացվի Հայաստանում ու Ֆրանսիայում։ Մենք մեր մշակութային ժառանգությունն ընկալում ենք ոչ միայն որպես թանգարանային նմուշներ, այլև որպես ոգեշնչման աղբյուր։ Ֆրանսիացի գործընկերների հետ փորձում ենք նոր մեթոդներով վերաիմաստավորել մեր մշակութային ժառանգությունը»,- ասել է Զեյնալյանը։
Համախմբել Սփյուռքում ապրող երեխաներին և ծանոթացնել հայկական մշակույթին՝ առցանց կրթական խաղերի միջոցով
«Հայաստան 2041» հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի մեկ այլ հաղթող, Koreez դպրոցականների համար առցանց ուսուցողական նախագծի հեղինակ Սուրեն Ալոյանի խոսքով՝ Սփյուռքի երեխաների համար նախատեսված հայկական մշակույթի և պատմության մասին բջջային խաղի ստեղծման իրենց ծրագրի համաֆինանսավորումը հնարավորություն կտա խաղի առաջադրանքների բովանդակությունը թարգմանել տարբեր լեզուներով:
Հայոց պատմության և մշակույթի մասին խաղը մշակել են Koreez նախագծի հիմնադիրները, որը 3-12-րդ դասարանների աշակերտներին առաջարկում է համանուն ծրագրի միջոցով ու խաղային ձևաչափով լուծել առաջադրանքները՝ զարգացնելով իրենց հմտությունները տարբեր առարկաներում և, միաժամանակ, ուսումնասիրել համաշխարհային և հայկական մշակույթը:
«Մեր նախագիծը մեկնարկել է 4 տարի առաջ, ի սկզբանե այն գործել է կայքի ձևաչափով։ Koreez-ի գլխավոր առաքելությունը երեխաների համար կրթական խաղերի մշակումն է, որպեսզի նրանք հասկանան, որ կրթությունը բարդ, բայց, միևնույն ժամանակ, կարող է զվարճալի գործընթաց լինել: Երկրորդ կարևոր նպատակն ուսուցիչների դերը բարձրացնելն է, որպեսզի երեխաները գիտակցեն իրենց առաքելության կարևորությունը: Ուսուցիչները կազմում են մոլորակի բնակչության ընդհանուր թվի ոչ ավելին, քան մեկ-երկու տոկոսը, և նրանց ուսերին է դրված կրթության ամբողջ քաղաքականության ձևավորման պատասխանատվությունը»,- պատմում է Ալոյանը։
Նրա խոսքով՝ Koreets համակարգը երեխաներին առաջարկում է նաև իր հավելվածը, որն ամբողջությամբ հիմնված է խաղային ուսուցման վրա:
«Երեխան ներբեռնում է հավելվածը, ընտրում է իր դասարանը, և համակարգն արդեն գիտի իր համար անհրաժեշտ գիտելիքները, ընդհանուր կրթվածությունը, ինչ առարկաներ են անցնում այդ տարիքի երեխաները, և խաղի միջոցով կրթում է երեխային»,- պատմում է Ալոյանը։
Ծրագրի հիմնադիրը հավելում է, որ խաղի և համանուն հավելվածի մշակողները, ովքեր կրթական ոլորտում ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ, փորձել են հաշվի առնել ժամանակակից միտումները, իսկ ծրագիրն առաջարկում է կրթություն ստանալ ամենատարբեր ուղղություններով:
Նրա խոսքով՝ ծրագիրը ֆինանսական կրթության, մաթեմատիկա, մեկ րոպեի ընթացքում կարդացածը հակիրճ վերապատմելու ունակության, ճարտարագիտության, ռոբոտաշինության, ինչպես նաև 3D մոդելավորման գիտելիքների շտեմարան է։
«Երբ երեխաները գալիս են մեզ մոտ, նրանց ասում ենք՝ ձեր գլխավոր խնդիրը ոչ թե դասապրոցեսում ձեր համադասարանցիներ Մարիամից, Սուրենից կամ Անուշից առաջ անցնելն է, այլ այն, որ դու ինքդներդ օրի-օրի ավելի լավը դառնաք։ Նրանց ասում ենք, որ հենց այդ տրամաբանության մեջ կաշխատենք իրենց հետ»,- ասում է նա:
Հաջող մեկնարկից անմիջապես հետո հիմնադիրները ձեռնամուխ են եղել սփյուռքահայ երեխաների համար հայկական մշակույթի և պատմության մասին խաղի մշակմանը, և կարճ ժամանակահատվածում անհրաժեշտություն է առաջացել խաղի առաջադրանքների բովանդակությունը թարգմանել տարբեր լեզուներով, որպեսզի խաղերի հասանելիությունն ապահովվի տարբեր լեզուներով խոսող հայերի համար:
«Հավելվածն սկսել է գործել այս տարվա հունվարից, և արդեն ունենք ավելի քան 150 հազար օգտատեր՝ 40 երկրից։ Իհարկե, խոսքը հիմնականում հայկական շուկայի մասին է, մոտ 50 տոկոսը հայ դպրոցականներ են, մնացածը՝ սփյուռքահայեր»,- ասում է նա։
Նա հավելել է, որ ի սկզբանե հիմնադիրներն իրենց առջև նպատակ չէին դրել ստեղծել բազմալեզու հավելված, սակայն ժամանակի ընթացքում օգտատերերն սկսել են հարցնել, թե ինչո՞ւ հավելվածը հասանելի չէ ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:
«Խաղը հնարավորություն է տալիս հրավիրել ընկերներին։ Երեխաներն սկսել են հրավիրել իրենց ընկերներին, մտերիմներին, բարեկամներին, արդյունքում՝ խաղը մեծ տարածում է ստացել։ Օգտատերերը հարցրել են՝ «ինչո՞ւ չեմ կարող խաղալ անգլերենով կամ ռուսերենով, քանի որ ծնվել եմ Ռուսաստանում և հայերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում», ասում է նա և հավելում, որ Armenia 2041 դրամաշնորհային նախագծին մասնակցությունը թույլ կտա օգնել իրականացնել բովանդակության թարգմանություն, կմիավորի երեխաներին ամբողջ աշխարհում, թույլ կտա նրանց ծանոթանալ, ընկերություն հաստատել, մրցել իրենց գիտելիքներով և, առաջին հերթին, ստանալ ավելի շատ գիտելիքներ՝ չհեռանալով իրենց արմատներից:
«Հայաստան 2041» երկրորդ մրցույթը կմեկնարկի 2025 թվականին
«Հայաստան 2041» դրամաշնորհային ծրագրի ղեկավարի խոսքով, երբ մրցույթի ժյուրին ավելի շատ հայտեր ստացավ, քան կանխատեսում էր, հասկացավ, թե որքանով է ծրագիրը ոգևորել Սփյուռքի գրեթե բոլոր հայկական համայնքների հայրենակիցներին։ Արդյունքում, նրա խոսքով, որոշեցին 2025 թվականին անցկացնել դրամաշնորհների երկրորդ մրցույթը:
Հոկտեմբերի 2-ին՝ մրցույթի հաղթողների անունները հայտարարելու ժամանակ, «Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիր, ամերիկահայ գործարար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը հայտնել էր, որ սա դրամաշնորհների պիլոտային ծրագիր է, և կազմակերպիչներն իսկապես չգիտեին՝ ինչ սպասել։ Նա նշել է, որ տպավորիչ արդյունքները վկայում են, որ ամբողջ աշխարհի հայերը նախագծերի կարիք ունեն, որոնց միջոցով կկարողանան կապեր հաստատել միմյանց հետ և նախագծեր իրականացնել հանուն Հայաստանի:
Հայրապետյանը հավելել է, որ 2025 թվականի դրամաշնորհային երկրորդ մրցույթում կազմակերպիչները որոշել են ընդլայնել այն թեմաների ցանկը, որոնցով Սփյուռքի ներկայացուցիչների նախագծերը կարող են համաֆինանսավորվել:
«Հաջորդ տարվա սկզբին նոր ծրագրի մասին կհայտարարենք։ Մենք բաց ենք գրեթե բոլոր գաղափարների համար, պատրաստ ենք օգնել դրանք ավելի լավ ներկայացնել, որպեսզի ավելի լավ պատկերացում լինի, թե կոնկրետ ի՞նչ ենք փնտրում և ի՞նչ է անհրաժեշտ Սփյուռքին»,- հավելել է Հայրապետյանը: