ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Հակոբ Ասլանյանին հեռացրել է իր շարքերից, հայտարարել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է միաձայն։ Նա նաև կարծիք է հայտնել, որ կուսակցության վարչությունը կքննարկի Ասլանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։
Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, իր հերթին, ասել է, որ Ասլանյանը հեռացվել է «կուսակցական և խմբակային կարգապահությունը խախտելու համար»։
Այսօր կեսօրին Ասլանյանը հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը մեկ ամսով դադարեցնելու մասին՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Ագազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ասլանյանն «անհիմն» էր համարել Աղազարյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեղադրանքը։ Ասլանյանն ավելի ուշ հայտարարել էր, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության «լիիրավ անդամ»: