Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ փաստարկները, որոնք վերջին շրջանում արվում են Հայաստանի կողմից, Բաքվին չեն կարող բավարարել, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ վերջերս կայացրած որոշումն է՛լ ավելի է բարդացրել այս գործը։
«Այլ կերպ ասած՝ որոշման մեջ նշվում է, որ ՀՀ սահմանադրության նախաբանը փոփոխության ենթակա չէ և կոնկրետ նախաբանին անդրադառնալ չի կարելի։ Սա ավելի է բարդացնում իրավիճակը։ ՀՀ Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- հայտարարել է Բայրամովը՝ կրկնելով ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը և ընդծելով, որ Հայաստանից վճռական քայլեր են ակնկալում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, բանակցությունները շարունակվում են։
«Նախաբանի տեքստը և 15 կետերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են, իսկ 2 կետում բաց հարցեր ունենք։ Դրանց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Իհարկե, ակնհայտ առաջընթաց է գրանցվել»,- ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանն իր տարածքում շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները, շարունակվում է նաև Արաքս գետի վրայի կամրջի շինարարությունը։
«Միջանցքի բացումը կախված է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումից։ Երկաթուղու շինարարության հիմնական մասն արդեն ավարտված է, իսկ մյուս մասում աշխատանքներ են ընթանում։ Միաժամանակ, Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակվում է Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան սահմանի և Նախիջևանի միջև երթուղու կառուցման ուղղությամբ։ Կարճ երթուղու, այսինքն՝ Հայաստանի տարածքում միջանցքի բացումը կախված է պաշտոնական Երևանի կողմից իր պարտավորությունների կատարումից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Ավելի ուշ Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել էր որոշման ամբողջական տեքստը, որում դատարանը մեկնաբանել էր այն հարցը, թե արդյոք Հայաստանի Անկախության հռչակագրի որոշ դրույթներ սահմանադրական ուժ ունե՞ն։ Դատարանը նշել էր, որ նման ճանաչումը հղի է «սահմանադրական երկիշխանությամբ»։
Սահմանադրական դատարանի որոշման տեքստում ասվում էր, որ այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։
Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։
Դեկտեմբերի 6-ին Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն զգալի առաջընթաց են գրանցել։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և Բաքվի հետ համաձայնագրի նախագծի նախաբանի ու 17 հոդվածներից 15-ի վերաբերյալ։