ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայում ստեղծված անվտանգության խնդրի հետ կապված՝ Դամասկոսում Հայաստանի դեսպանության աշխատակիցները ժամանակավորապես կշարունակեն աշխատել Բեյրութում։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ ներկայումս երկրից անվտանգ տարհանման հնարավորություն չկա՝ նշելով, որ անցած շաբաթ դեսպանատան թեժ գծին ահազանգեր են ստացվել Հայաստան մուտքի արտոնագրերի, անձնագրեր ստանալու և տարհանման հնարավորության վերաբերյալ։
Գերատեսչությունը նշել է նախապես տրամադրված երկու թեժ գծեր, որոնք շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205):
«Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք»,- գրել է ԱԳՆ-ն:
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։