Մարկ Ցուկերբերգի հիմնադրած Meta կորպորացիան 1 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության միջոցառումների համար նախատեսված հիմնադրամին, հայտնում է Financial Times-ը։
Նշվում է, որ առաջին անգամն է, երբ Facebook-ի սեփականատերը նվիրատվություն է կատարել երդմնակալության հիմնադրամին և դա տեղի է ունեցել Թրամփի բարեհաճությունը շահելու քայլերից հետո։ ԱՄՆ ընտրված նախագահը նախկինում պլատֆորմին մեղադրել էր աջակողմյան ձայները գրաքննելու մեջ և սպառնացել բանտարկել նրա գործադիր տնօրենին:
Թրամփի ու Ցուկերբերգի հարաբերությունները վատթարացել էին, երբ Meta-ն 2020 թվականին ջնջել էր այն ժամանակվա նախագահի որոշ գրառումներ՝ նախքան Կապիտոլիումում հունվարի 6-ի ապստամբության հետևանքով նրա հաշիվը հեռացնելը:
Հուլիսին Թրամփը նախազգուշացրել էր, որ ընտրվելու դեպքում «հետապնդելու է ընտրակեղծարարներին» և նրանց «երկար ժամանակով բանտ կուղարկի»։ Այդ ամիս Meta-ն չեղարկել էր Թրամփի Facebook-ի և Instagram-ի հաշիվների սահմանափակումները:
Այս տարվա սկզբին Ցուկերբերգը հայտնել էր, որ ցանկանում է Meta-ն քաղաքականապես «չեզոք» լինի, և ընկերությունը նվազեցրել էր քաղաքական բովանդակության կարևորությունն իր հավելվածներում:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփն ստացել էր 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։