Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ-ում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստում կարևորել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ տարածաշրջանում կապուղիների բացման գործում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը սահմանների ապաշրջափակման և տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման միջոցով, ինչպես արևելք-արևմուտք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով:
Ըստ հաղորդագրության՝ փոխվարչապետը նշել է, որ կայուն և ներառական տարածաշրջանային տնտեսական զարգացումը հնարավոր չէ ապահովել առանց անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքային ցանցի և անխափան լոգիստիկայի կազմակերպման:
«Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2023թ․ դեկտեմբերին Գրիգորյանը Մոսկվայում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում խոսել էր ԱՊՀ երկրների միջև մշակութային և գիտական փոխանակման կարևորության մասին։