ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես բացարձակապես ոչ բարեկամական քայլ Երևանի կողմից։
«Սա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին: Մենք անմիջապես դիմեցինք Երևանին՝ երկկողմ դիվանագիտական ուղիներով պարզաբանումների համար»,- ընդգծել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով, ռուսական կողմը նախկինում բազմիցս կոչ է արել իր հայ գործընկերներին դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին երկիր թույլ չտալու արատավոր պրակտիկան, «որոնք ինչ-ինչ պատճառներով համաձայն չեն հանրապետության իշխանությունների հետ, մանավանդ, որ երկրի իշխանությունները մշտապես հայտարարում են իրենց բաց լինելու, ժողովրդավարության և բազմակարծության հավատարմության մասին»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «սեգրեգացիա» է անվանել Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքը և նման արգելքի վերացումը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի նկատմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով։
«Ինչու՞ նմանատիպ դեպքերում այլ երկրներից մարդկանց մուտք է թույլատրվում կամ մուտքի արգելքը հանվում է, սա նաև հարց է, թե արդյո՞ք սա երկակի ստանդարտների դրսևորում է, և արդյո՞ք սա սեգրեգացիա չէ», – ասաց նա։
Զախարովայի խոսքով, Հայաստանի իշխանություններն արգելում են Ռուսաստանի որոշ քաղաքացիների մուտքը երկիր առանց ակնհայտ կամ հասկանալի պատճառների և հակառակ ազատության, բացության և բազմակարծության պնդումներին:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2023 թվականի սեպտեմբերին հայտնել էր, որ Միհրանյանը, ի թիվս մի շարք այլ ռուս գործիչների, Երևանի կողմից ընդգրկվել է «սև ցուցակում»։
Հայաստան մուտքի արգելք էր սահմանվել նաև Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի նկատմամբ: