Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային (խորհրդատվական) ընկերություն է բացել, որով մասնավոր ծառայություններ է մատուցելու ցանկացողներին, հայտնել է «Հրապարակ»-ը։
Նա LinkedIn-ում հայտարարություն է զետեղել՝ հայտարարելով «Բադասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գործարկման մասին։
«Սա նշանավորում է հետաքրքիր ճամփորդության սկիզբը, մենք ցանկանում ենք նորարարական լուծումներ և բացառիկ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»,- ասված է գրառման մեջ:
Բադասյանը ներկայացրել է իր ընկերության աշխատակիցներին, որոնք կորպորատիվ իրավունքի, հարկային գործարքների, փորձաքննությունների և այլ ծառայություններ պետք է մատուցեն հաճախորդներին:
Փաշինյանը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում քննադատել էր իրավապահ մարմինների աշխատանքը և ասել, որ իրեն չի բավարարում երկրում տիրող հանցավորության մակարդակը, իր «համբերության բաժակը լցվել է», և ինքը կկատարի համապատասխան որոշումներ։ Վարչապետի քննադատությանը հաջորդել էր նոյեմբերի 18-ին իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը։
Հրաժարական էին տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Իր պաշտոնը լքել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։ Նոյեմբերի 22-ին վարչապետը ներկայացրել էր պաշտոնյաների վերջին հրաժարականների մանրամասները և հաստատել, որ դրանք կատարվել են SMS հաղորդակցության միջոցով։ Նա կադրային փոփոխություններն անվանել էր «ոչ թե հակասական, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնաթող պաշտոնյաների աշխատանքը։
Դեկտեմբերի 5-ին Փաշինյանն Արսեն Մնացականյանին ազատել էր ԱՆ հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնից։