Դեկտեմբերի 21-ին երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն է ընդունվել սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ 10 քաղաքացի, հայտնել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինից։
Սպիտակի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ իրենց ԲԿ տեղափոխված 5 քաղաքացիներից 2-ը Հարթագյուղ, 3-ը` Ծաղկաբեր համայնքներից են։
«Հինգ տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում»,- ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ-ից հավելել են, որ վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում, որի գործունեությունը կասեցվել է:
«Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության»,- ընդգծել են տեսչական մարմնից։