Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 25-ին կայացած ասուլիսում արձագանքել է հանցագործության մասին իր դեմ ներկայացրած հաղորդմանը՝ հայտարարելով, որ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու հարցում «որևէ էմոցիա չունի»։
Դեկտեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված նախաձեռնող խումբը Ֆինանսների նախարարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն ու պնդել, որ նա «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ է կատարել»։ Նախաձեռնող խմբի փաստերից մեկը Հովհաննիսյանի՝ 2021 թվականին արված հայտարարությունն է, ըստ որի՝ նա 1 000 000 դոլար անտոկոս փոխառություն է ստացել ու այդ մասին չի նշել իր հայտարարագրում։
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև ակնկալում եմ, որ, եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ մի քիչ ավելի խորը նայեն, գոնե կարդան, թե վերնագրից այն կողմ ի՞նչ է գրված։ Օրինակ՝ գրված է այն մասին, որ պաշտոնն ստանձնելուց առաջ ինչ-որ մեկն ինչ-որ մեկից պարտքով փող է վերցրել։ Դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Մեկը կարող է ինչ-որ մի վերնագիր գրել և փորձել ինչ-որ մեկին ահաբեկել այդ վերնագրով, բայց քանի որ իրականությունը մի փոքր այլ է, ուստի որևէ էմոցիա չունեմ»,- ընդգծել է նա։
Նախարարը մարդկանց խորհուրդ է տվել կոռուպցիայի մասին հրապարակումներ տեսնելուց վերնագրից բացի կարդալ, թե ինչ է գրված տեքստում։ Ինչ վերաբերում է 1 000 000 դոլարը հայտարարագրում չգրանցելուն, Հովհաննիսյանը նշել է, որ «հաշվառված պարտքը չի անհետացել»։
«Հայտարարագրից անհետանալը վրիպակ չէ։ Պատճառն այն է, որ ինձ պատկանող գույքը և այդ պարտքը զիջվել է երրորդ անձի»,- պարզաբանել է նախարարը։
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև տեղեկությանը, ըստ որի՝ ուղղորդել է նախարարության՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ միջոցառումն անցկացնել իր ընկերոջը պատկանող հյուրանոցում։ Ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ նա նշել է, որ չի պատրաստվում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օրինակին հետևել և որևէ գումար փոխհատուցել (ԱՄՆ կատարած այցի և ծախսած բյուջեի շուրջ քննադատություններից հետո Ավինյանը որոշում էր կայացրել ինքնուրույն փոխհատուցել ԱՄՆ այցի տոմսի արժեքը, 7 միլիոն 650 հազար դրամով տոմս էին գնել քաղաքապետի համար-խմբ․)։
«Չեմ կարծում, որ այնպիսի բան է տեղի ունեցել, ըստ որի՝ ես պետք է ինչ-որ բան վերականգնեմ: Չեմ պատրաստվում որևէ բան վերականգնել, որովհետև որևէ մեկին որևէ վնաս չեմ տվել: Եթե որևէ մեկը տեսնում է, որ այստեղ խնդիր կա, պատրաստ ենք այդ հարցերին պատասխանել և քննարկել: Եթե իրոք պարզվի, որ խնդիր կա, ապա պատրաստ ենք ցանկացած պատասխանատվություն վերցնել»,- եզրափակել է նախարարը։