Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները, այսինքն՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։ Կարծում ենք, որ այս հարցում համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ հաստատությունները»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է արդիականությունն այն բանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած գագաթնաժողովից հետո Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Իրավիճակի փոփոխությանը նպաստել է նաև «2023 թվականի սեպտեմբերին հողի վրա իրավիճակի կտրուկ փոփոխությունը»՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և հանրապետությունից հայերի բռնի գաղթը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, 2022 թվականի փետրվարին դադարեցրել են շփումը ռուս գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է արևմտյան երկրների կողմից այս ձևաչափի արգելափակումից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է, և Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Օգոստոսի 15-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը քննարկելու պատրաստակամության մասին։
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում իր ելույթում ասել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները տարածաշրջանում զգալի առաջընթաց են գրանցել՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը, նրա խոսքով, ունի «վնասակար հավակնությունների պատանդ» դառնալու հատկություն։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և Բաքվի հետ համաձայնագրի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ առաջընթացի մասին։
Դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆեարոն հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն կկարողանա նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին Երևանի և Բաքվի կողմից նման խնդրանքի դեպքում։
Դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի առաջարկի նկատմամբ։