ԿԳՄՍՆ-ն ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) չեղարկված համերգի գումարի վերադարձի պահանջով դիմել է կազմակերպող ընկերությանը, 2024թ․ ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պայմանագրի ժամկետն ավարտվել է, և մենք համապատասխան գրությամբ դիմել ենք կազմակերպությանը։ Այս հարցի մասին բավական խոսվել է։ Համերգը չի կայացել, այս թեման համարում եմ փակված։ Մենք կենտրոնանում ենք մշակույթի ոլորտում մեր կարևոր անելիքների վրա, որտեղ մեզ այս տարի բազմաթիվ իրադարձություններ են սպասվում»,- ասել է նախարարը։
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում 2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ ռեփերի՝ Երևանում 2023-ի սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար: 2023-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել ՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով հարձակվելուց հետո պայմանավորված:
Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2,3 մլրդ դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ ռեփերը գումարը չի վերադարձրել: