Քանի դեռ խաղաղության պայմանագիրը փաստ չէ, էսկալացիայի հավանականությունն անընդհատ տեսնում եմ, հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքների, Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հայտարարությունների ֆոնին որքանո՞վ է հավանական համարում էսկալացիան։
«Քանի դեռ մենք լսում ենք այսպիսի հռետորաբանություն, ինքս անընդհատ էսկալացիայի հավանականություն տեսնում եմ»,- ասել է Միրզոյանը։
Նախարարն էսկալացիայի հավանականությունը կանխելու տեսանկյունից կարևորել է ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը։ Այդ համատեքստում նա անդրադարձել է Armenia Today-ի հաջորդ հարցին՝ կապված ԵՄ դիտորդական առաքելության շուրջ հայտարարությունների հետ։
Միրզոյանը նշել է, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ հայտարարություններում հակասություն չի տեսնում։
Փաշինյանը, ի պատասխան Բաքվի պահանջին, տարեվերջին հայտարարել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներից ԵՄ դիտորդներին դուրս բերելու հնարավորության մասին: Միրզոյանն հոկտեմբերին նշել էր, որ ԵՄ-ն դիտարկում է Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու հարցը։
«Ընդհանրապես հակասություն չկա։ Քանի դեռ մենք խաղաղություն, կայունություն չունենք սահմանին, քանի դեռ մենք չունենք սահմանազատված սահման գոնե հատվածներով, և քանի դեռ մեր ԶՈւ-ի հասցեին կրակոցներ արձակելու մեղադրանքներ ու ագրեսիվ հայտարարություններ են հնչում, մենք շարունակելու ենք գետնի վրա 3-րդ կողմի չեզոք կարծիք և մշտադիտարկում ունենալ։ Օրինակը ԵՄ քաղաքացիական առաքելությունն է, որի կարիքն ունենք։ Հուսով եմ, որ ԵՄ-ն առաքելության մանդատի ժամկետը երկարաձգելու որոշում կկայացնի։ Եթե այդ որոշումը կայացվի՝ մենք կարող ենք ողջունել դա»,- ասել է Միրզոյանը։
Նա խորհուրդ է տվել «ԵՄ առաքելության հարցը ռուս սահմանապահների երկրորդ սերիան չդարձնել»։
«Եկեք ԵՄ առաքելության հարցը ռուս սահմանապահների երկրորդ սերիան չդարձնել, ըստ որի՝ մեր սահմանին անպայման ինչ-որ մեկը, մի 3-րդ երկիր, հզոր ուժի ներկայացուցիչ պետք է լինի մեր սահմանին։ Ինչպես ռուս սահմանապահներին էին ժամանակավոր տեղակայվել, որպեսզի մենք կարողանայինք կարողություններ ձևավորել կամ չեզոքացնել մեր մտավախություններն X երկրի հետ, այնպես էլ այս դեպքում հրավիրել ենք ԵՄ դիտորդներին, որ աջակցեն սահմանազատման գործընթացին։ Եթե հարաբերություններ են հաստատվում, խաղաղության պայմանագիր է կնքվում, իհարկե, մենք պետք է շնորհակալություն հայտնենք ԵՄ-ին այնպես, ինչպես ռուս սահմանապահներին ենք հայտնել»,- հավելել է արտաքին գերատեսչության ղեկավարը։
Armenia Today-ի հարցին, թե ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարությունների ու սպառնալիքների ֆոնին որքանո՞վ է հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումը, Ադրբեջանը ցանկություն ունի՞ այն ստորագրելու, Միրզոյանը նշել է, որ «ցանկություն, երևի թե, չկա»։
«Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, անընդհատ հավանական եմ համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հարցնում եք՝ Ադրբեջանը ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ։ Ըստ ամենայնի՝ այն տեքստով, որը կա մինչ այս պահը, երևի թե ոչ, չի ցանկանում, քանի որ եթե ուզեր, իսկ մենք ուզում էինք, այն կստորագրվեր։ Հետևաբար՝ երևի թե ոչ, չի ուզում։ Բայց սա այս պատմության ավարտ չի նշանակում։ Մենք ունենք երկու երկիր՝ մեկը մենք ենք, իսկ մյուսը խաղաղություն չի ուզում, հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով։ Ո՞րը պետք է լինի մեր գործողությունը։ Նույնկերպ հակադարձե՞լ՝ հասկանալով, որ եթե պատմությունը շատ զարգացավ՝ դու շահեկան վիճակում, մեղմ ասած, չես հայտնվելու։ Իսկ գուցե այդպես մտածվա՞ծ է շատ ավելի խոշոր շնաձկների կողմից, որ խայծը կուլ տաս, իսկ հետո իրենք քեզ կուլ տան։ Ո՛չ պետք է հանձվել, ո՛չ էլ ռեֆլեքսիվ գնալ այդ ամենի հետևից։ Հետևաբար՝ պետք է շարունակել աշխատել, ջանքեր գործադրել։ Մենք Հարավային Կովկասում խաղաղություն և Ադրբեջանի հետ կարգավորված հարաբերություններ ենք ուզում ունենալ»,- ընդգծել է Միրզոյանը։
Նա նաև հավելել է, որ ՀՀ-ն բաց սահման է ցանկանում Թուրքիայի հետ։
«Մենք ուզում ենք, որ ՀՀ տարածքով ադրբեջանական և թուրքական բեռները կարողանան անցնել։ Նենք նաև ուզում ենք, որ հայկական բեռները կամ Հայաստան եկող կամ ՀՀ-ց գնացող բեռներն անցնեն Ադրբեջանով և Թուրքիայով»,- շեշտել է նախարարը։
Հունվարի 7-ին Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա նշել էր, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։
Աննա Բադալյան